Պատերազմը ինձ անվերջ սպասել սովորեցրեց: Սպասումս ժամանակի մեջ դարձավ կարոտ ու ոտաբոբիկ սկսեց վազվզել սառնացած փողոցներով: Դու հաղթեցիր քո դեմ ելած ոսոխին, իսկ ես, շարունակում եմ պատերազմել, կռիվ տալ կարոտի դեմ, փորձում եմ հաղթահարել ու անվերջ պարտվում եմ նրան: Այդպես էլ բառեր չեմ գտնում, որ բացատրեմ սրտում եղածս, միայն զգում եմ, որ ձեռքերս սառել են հավետ, իսկ արհեստական կրակը անկարող է տաքացնել նրանց, որովհետև ամենաջերմ բանն իմ աշխարհում դու էիր, ում խլեց արհավիրքը: Կարոտում եմ, որովհետև հասկանում եմ դատարկվել ու լցվել եմ դատարկության ծանրությամբ, որովհետև թևերս կոտրվել են: Հիմա ամենաշատը սպասում եմ երազներիս, քանի որ այս անգամ էլ միգուցե հանդիպեմ քեզ այնտեղ, գրկեմ, կրկին լցվեմ ջերմությամբ, լուսավորվեմ, խավարը սպանես, ցավս մոռացնես...
Այլևս ոչինչ նույնը չէ և չի կարող լինել, բայց անհրաժեշտ է ապրել, նորից պետք է ժպտալ, բայց թե ինչ կթաքցնենք ժպիտի տակ, կիմանանք մենակ մենք ինքներս:
Ժամանակը կանգնել է ու չի շարժվում առաջ...Իսկ անծանոթ զինվորների մեջ ես շարունակում եմ անդադար փնտրել քեզ:
𝘈𝘯𝘯